Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր չէ կատարել Ուկրաինայի կառավարության նոր որոշումը չինովնիկների վարքագծային էթիկայի չափորոշիչների մասին, որոնցով արգելվում է կառավարությանը քննադատելը: Այս մասին հայտնում է «112» հեռուստաալիքը:
«Ես միանգամից կխախտեմ այդ որոշումը: Ես կարծում եմ, որ դա վատ որոշում է ու միանգամից կքննադատեմ այն»,- հայտնել է Սահակաշվիլին:
Օդեսային նահանգապետը նշել է, որ նման արգելքների պատճառով Ուկրաինայում «արդեն մի քանի անգամ փոխվել է իշխանությունը»: «Եվ մենք հիշում ենք այդ նույն ոգով հանրահայտ օրենքները, որոնք արագացրին վերջը»,- հավելել է նա:
Փետրվարի 22-ին Ուկրաինայի կառավարությունը հաստատել է Պետծառայողների վարքագծային էթիկայի կանոնները: Ըստ փաստաթղթի, չինովնիկները պետք է իրենց աշխատանքում առաջնորդվեն պետությանն ու հասարակությանը ծառայելու, վայելուչ վարքագծի, բարեկրթության, հավատարմության, քաղաքական չեզոքության, թափանցիկության ու ենթակայության, բարեխղճության սկզբունքներով: Ընդ որում պետծառայողները պարտավոր են զերծ մնալ «պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց գործունեության հրապարակային քննադատության ցանկացած դրսեւորումներից», նաեւ իրենց կոռեկտ պահեն ղեկավարության նկատմամբ:





























