Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնսթը հրաժարվել է Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ի զավթած տարածքներում քրիսոտոնյաների սպանությունները ցեղասպանություն համարել: Ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին Էռնեստը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմի գնահատականով այդ սպանությունները դեռ չեն համապատասխանում ցեղասպանություն բնորոշմանը:

Ընդ որում Էռնսթը դատապարտել է ահաբեկիչների հարձակումները «կրոնական փոքրամասնությունների՝ այդ թվում քրիստոնյաների վրա», գրում է Chiсago Tribune թերթը, հայտնում է RT–ն:

«Իմ ընկալումով այդ եզրը (ցեղասպանություն) ներառում է շատ նեղ իրավաբանական բնորոշում, որն այս պահին չկա: Բայց մենք ամենայն անկեղծությամբ հայտարարում ենք, որ ԻՊ գործողությունները արժանի են այն արձագանքին, որը հիմա տրվում է միջազգային համայնքի կողմից: Այդ բոլոր գործողությունները ներառում են նաեւ հարձակումներ կրոնական փոքրամասնությունների՝ այդ թվում քրիստոնյաների վրա»,- ասել է Էռնսթը:

Հունվարին ՄԱԿ-ը հրապարակել էր մի զեկույց, ըստ որի ահաբեկիչների զավթած տարածքներում խաղաղ բնակչության դեմ ԻՊ գործողությունները կարելի է գնահատել որպես մարդկության դեմ հանցագործություններ, իսկ որոշ դեպքերում էլ՝ ցեղասպանություն:

Փետրվարի 27-ին Եվրախորհրդարանի 62 պատգամավորներից բաղկացած խումբը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին նամակ էր ուղարկել, որում կոչ էր անում ընդունել ԻՊ-ի կողմից քրիստոնյաների, եզդիների ու այլ կրոնական ու էթնիկ փոքրամասնությունների ցեղասպանությունը: