Գերմանիան պատրաստ է իր վրա մեծ պատասխանատվություն վերցնել աշխարհում կատարվող իրադարձությունների համար։ Այս մասին Ռեյնհալդ Փֆալց դաշնային հողում Քրիստոնեա-դեմոկրատական միության ժողովի ժամանակ ասել է կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Deutsche Welle-ն։
«Մենք ավելի մեծ պատասխանատվություն կստանձնենք այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունենում եվրոպական սահմաններից դուրս»,- ասել է Մերկելը։ Նրա խոսքով՝ Գերմանիան չի կարող բավարարվել ապրանք արտահանողի եւ գործարաններ կառուցողի դերով։ «Դա նշանակում է ավելի շատ օգնել զարգացող երկրներին, ավելի ակտիվ մշակել կլիմայի պաշտպանության միասնական չափանիշներ եւ շատ այլ բաներ»,- պարզաբանել է Մերկելը։
Բացի այդ, նա նշել է, որ ժամանակակից Եվրոպայի ամենասուր խնդիրներից մեկը միգրացիոն ճգնաժամն է, որն անհնար է լուծել առանց Սիրիայում իրավիճակը կարգավորելու։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Գերմանիայի Ռեյնհալդ Փֆալց, Սաքսոնիա Անհալթ, Բադեն Վյուրթենբուրգ դաշնային հողերում խորհրդարանական ընտրություններ են կայանալու, որոնք ցույց կտան, թե որքանով են ընտրողները պաշտպանում Մերկելի քաղաքականությունը։





























