Ավստրիայում ՀՀ դեսպանությունը մարտի 2-ին մասնակցեց Վիեննայում կազմակերպվող ամենամյա «Օղու փառատոնին»: Հայաստանից բացի իրենց երկրներում արտադրված օղիներն էին ներկայացրել ՌԴ-ը, Ավստրիան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թաջիկստանը, Թուրքմենստանը, Մոլդովան, Մոնղոլիան, Լեհաստանը, Սլովակիան եւ Սլովենիան:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հայկական ոգելից խմիչքների արտադրությունը ներկայացված էր մրգային օղիների շուկայում առաջատարներ համարվող ABRI, Armenian Wine եւ Artsakh ապրանքանիշների տակ արտադրվող զանազան ապրանքատեսակներով:

Փառատոնին հրավիրված էին մեծ թվով ավստրիացի հասարակական ու քաղաքական գործիչներ, Վիեննայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ: Հայկական արտադրության մրգային օղիներն արժանացան լավագույն գնահատանքի եւ դեսպանությունը ավստրիական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերեց առաջիկայում կայանալիք հայ-ավստրիական բիզնես համաժողովին հայ արտադրողների հետ հանդիպում կազմակերպելու եւ գործակցության հնարավորությունները քննարկելու ուղղությամբ: