Ամերիկյան Այդահոյի նահանգի Պեյետ քաղաքում չորս անչափահաս այրել են այն տունը, որտեղ ապրում էր տեղի դպրոցի տնօրենը: Ինչպես հաղորդում է  New York Daily News պարբերականը, երիտասարդները որոշել էին այդ եղանակով վրեժ լուծել տնօրենից կրթական հաստատությունից իրենց ժամանակավոր հեռացման համար: 

Քաղաքի ոստիկանական դեպարտամենտի ղեկավար Մարկ Քլարկը հայտնել է, որ տուն հրդեհելու մեղադրանքներ կներկայացվեն երեք ավագ դասարանցիների եւ միջնակարգ դպրոցի մի աշակերտի: Կասկածյալների ինքնությունը պարզվել է  Snapchat սոցիալական ցանցի միջոցով. Նրանք չաթում մի քանի վարկաբեկիչ հաղորդագրություն էին թողել, որոնք կրակի լեզուներով էմոձիներ էին պարունակում, տեղեկացնում է Lenta-ն:

Տունը, որտեղ ապրում էին Պեյետ քաղաքի ավագ դպրոցի տնօրենը, նրա կինն ու  24 տարեկան դուստրը, հրդեհվել էր ընթացիկ տարվա փետրվարի 22-ին: Բնակիչներից ոչ մեկը չի տուժել, բայց քոթեջն այլեւս պիտանի չէր բնակության համար: Բացի այդ, հրդեհը տան մոտ կայանած երեք ավտոմեքենա ոչնչացրեց: 

Հելեքերը հայտնել է, որ ինքը ծանոթ է տունը ենթադրաբար հրդեհած բարձր դասարանցիների հետ, բայց երբեք չի հանդիպել գործով անցնող չորրորդ մարդուն, որը միջնակարգ դպրոցի աշակերտ է:  

Տնօրենն ու իր կինը տանը մեծացրել էին իրենց հինգ երեխային, գրում է  New York Daily News-ը:

Հրդեհից հետո Հելեքերների ընտանիքը ստիպված էր տեղավորվել մոթելում: Այն դպրոցի աշակերտները, որը ղեկավարում է Մարկ Հելեքերը, տուժած ընտանիքին օգնելու համար առցանց դրամահավաք են կազմակերպել: