ԱՄՆ-ի նախկին կոնգրեսական Դեն Բերթոնը լքում է ադրբեջանական լոբբիստական խումբը՝ չվարձատրվելու պատճառով: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախկին անդամը հայտարարել է, թե արդեն մեկ տարի է՝ չի կարողանում ստանալ իր աշխատավարձը:

Ինդիանա նահանգից ընտրված նախկին կոնգրեսականը հրաժարական է տվել նաեւ Ադրբեջանա-ամերիկյան դաշինքի նախագահի պաշտոնից: Այս խմբի ղեկավարը Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի որդի Անար Մամեդովն է, ով ԱՄՆ-ի նախագահի թեկնածու դառնալ ցանկացող միլիարդատեր Դոնալդ Թրամփի բիզնես-գործընկերն է:

Opensecrets.org-ի տվյալներով՝ 2011 թվականից ի վեր Մամեդովները ավելի քան 12 միլիոն դոլար են ծախսել լոբբիստների վրա:

«Արդեն մեկ տարի է՝ ո՛չ Դուք, ո՛չ Անարը կապ չեք հաստատում ինձ հետ: Ընդունե՛ք իմ այս նամակը որպես հրաժարական», - մարտի 1-ին գրել է Բերթոնը Ջեյմս Ֆաբիանիին, ով ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբինգով զբաղվող ընկերության ղեկավարն է:

Բերթոնը Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը գլխավորում է 2013 թվականից՝ 30-ամյա օրենսդրական գործունեությունը դադարեցնելուց մեկ ամիս անց։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: