Ֆրանսիայի խորհրդարանը դեմ է քվեարկել օրենքում փոփոխություններին, որը թույլ կտար Apple ընկերությանը 2 մլն եվրոյի չափով տուգանել՝ iPhone-ն ապարգելափակելուց հրաժարվելու համար: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Նիկոլա Դյուիկը:

«Այսօր մենք քվեարկեցինք օրենքում փոփոխությունների հաստատման հարցով, որն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարում կառավարության հնարավորություններն ընդլայնելուն: Այն Apple-ին կամ հեռախոսային ցանկացած ընկերության 2 մլն եվրոյի չափով տուգանքի կենթարկեր ամեն անգամ, երբ ընկերությունը հրաժարվեր Ֆրանսիայի տարածքում ապարգելափակեր iPhone-ը»,- ասել է Դյուիկը:

Նա նշել է, որ մասնավոր բջջային սարքավորման հասանելիություն կարելի է ստանալ միայն ահաբեկչական գործունեության դեմ պայքարի հետ կապված դատական գործընթացի արդյունքում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, քվեարկությունն անցել է Apple-ի հետ ԱՄՆ արդարադատության նախարարության քաշքշուկի ֆոնին: Գերատեսչությունն ընկերությունից օգնություն է պահանջել Սան Բերնարդինոյում ահաբեկչություն իրականացնողներից մեկին պատկանող iPhone-ի ապարգելափակման հարցում: Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Սայեդ Ռիզվան Ֆարուքն ու նրա կինը՝ Թաշֆին Մալիքը, Սան Բերնարդինոյում 14 հոգու էին սպանել:

Apple-ում հայտարարել են, որ դա կարող է վտանգավոր նախադեպ դառնալ օգտատերերի իրավունքների խախտման համար: Երկուշաբթի Նյու Յորքի դատարանը վճռել էր, որ արդարադատության նախարարությունը չի կարող Apple-ին հարկադրել ապարգելափակել Սան Բերնարդինոյի ահաբեկչի հեռախոսը: