Գործարար Դոնալդ Թրամփը եւ սենատոր Մարկո Ռուբիոն, որոնք պայքարում են ԱՄՆ-ում այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուն դառնալու համար, Fox News-ի եթերում հերթական բանավեճի ժամանակ վիճել են իրենց մարմնի տարբեր մասերի չափերի շուրջ:
Տեղի մեկնաբանները նշում են հանրապետականների մեջ նախընտրական քարոզչության ծայրահեղ ագրեսիվ բնույթը, որի ընթացքում քաղաքական խնդիրների շուրջ բանավիճելու փոխարեն անցնում են միմյանց ֆիզիկական առանձնահատկությունների քննարկմանը: Մի քանի օր առաջ Ռուբիոն Թրամփի մասին հայտարարել էր, որ նա շատ փոքր ձեռքեր ունի: «Թրամփն ինձ «փոքրիկ Մարկո» է անվանում: Այո, նա ինձնից բարձրահասակ է, բայց ես չեմ հասկանում, ինչու են նրա ձեռքերն այդքան փոքր: Գիտե՞ք, թե ինչ են ասում այդպիսի ձեռքեր ունեցող տղամարդկանց մասին: Նրանց չի կարելի վստահել»,-ասել է Ռուբիոն, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ի պատասխան Թրամփը բանավեճի ժամանակ վեր է պարզել երկու ձեռքերը՝ վստահեցնելով, որ դրանք փոքր չեն: «Նա վիրավորել է իմ ձեռքերը: Ոչ ոք եւ երբեք նրանց չի վիրավորել: Նայեք, միթե նրանք փոքր են»,-լսարանին է դիմել Թրամփն ու հավելել. «Նա խոսել է իմ ձեռքերի մասին, նկատի ունենալով, որ եթե դրանք փոքր են, ուրեմն էլի ինչ-որ բան փոքր է: Երաշխավորում եմ, ես այդ հարցում խնդիրներ չունեմ»: Այս հայտարարությունն առաջ է բերել ներկաների ծիծաղը:
Մրցակիցները միմյանց անվանել են «փոքրիկ Մարկո» եւ ««մեծ Դոնալդ»: Ավելի վաղ Թրամփը նշել էր, թե իր մրցակցի ականջները մեծ են եւ վիճաբանության ժամանակ շատ ջուր էխմում:




























