Փարիզում «Նորմանդյան քառյակի»՝ Դոնբասում ընտրություններ անցկացնելու հարցով գրեթե 5 ժամ տեւած բանակցությունները լուրջ փոխզիջման չեն հանգեցրել։ «Ես դժգոհ եմ, թե ինչպես են Կիեւն ու Մոսկվան այստեղ բանակցություններ վարում»,- ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բոլորովին անկեղծ եմ ասում։ Մենք չենք կարող գոհ լինել ո՛չ տեղում ստեղծված իրավիճակից, ո՛չ այսօրվա բանակցություններից»,- ընդգծել է նա եւ նշել, որ փոքր քայլերը բավական չեն լինի իրավիճակը երկարաժամկետ հեռանկարով կարգավորելու եւ հակամարտությունը լուծելու համար։
Հանդիպման ավարտին ըստ էության համաձայնություն ձեռք չի բերվել։ «Հանդիպման մասնակիցները ցանկություն են հայտնել, որ Ուկրաինայի արեւելքում ընտրությունները հնարավոր լինի անցկացնել մինչեւ 2016թ. առաջին կիսամյակի ավարտը»,- մեջբերում է Reuters-ը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոյին։ Այդ նախաձեռնությունը գալիս է Գերմանիայից եւ Ֆրանսիայից, Մոսկվան պատրաստ է եղել միանալ նրանց։ Հանդիպման ավարտի այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պատրաստ էինք պաշտպանել այդ նախաձեռնությունը, սակայն ուկրաինական կողմը խնդրեց չպնդել դա, եւ արդյունքում փոխզիջում չստացվեց»,- մեջբերում է Լավրովի խոսքը «Ինտերֆաքս»-ը։
«Ոչ մի եզրակացություն չենք համաձայնեցրել։ Մեր դիրքորոշումն է՝ սկզբում անվտանգություն»,- գրել է Ուկրաինայի արտգործնախարարն իր «Թվիթերի» էջում։ Նրա խոսքով՝ Լավրովը պատրաստ չի եղել անվտանգության հարցերում ավելի հեռուն գնալ ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելություն ապահովելու առումով։





























