ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպառնացող տղամարդը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ֆլորիդայի նահանգի դատախազությունը։
Ֆլորիդայի 24-ամյա բնակիչ Ջերեմի Էդիսոնը, գտնվելով բանտում, որտեղ նա մեկ այլ քրեական գործով սպասում էր դատավարությանը, պետության ղեկավարին հասցեագրված նամակ էր գրել, որում սպառնացել էր նրանից վրեժ լուծել։ Երբ բանտային հաստատություն էր եկել նախագահի անվտանգության աշխատակիցը, Էդիսոնը հարձակվել էր նրա վրա։ Արդյունքում տղամարդուն մեղադրանք էր ներկայացվել նաեւ անվտանգության ծառայության ներկայացուցչի վրա հարձակվելու համար։ Դրանից հետո Էդիսոնը բանտից սպառնալիքներով մի քանի նամակ էլ ուղարկել էր դաշնային դատախազին, որը վարում էր նրա գործը։
2015թ. հոկտեմբերին տղամարդը խոստովանել էր իր մեղքը։ Ընդ որում, գործը, որի համար նա ի սկզբանե կալանավորվել էր, մինչեւ հիմա քննվում է։





























