Կոլումբիայում ավելի քան 3 տոննա կոկաին է առգրավվել մաքսանենգներից  , որոնք թմրանյութեր են մատակարարում Կենտրոնական ու Հյուսիսային Ամերիկա: Ինչպես հինգշաբթի հայտնել են Կոլումբիայի ներկայացուցիչները, թմրանյութի խմբաքանակները առգրավվել են մի քանի հատուկ գործողությունների արդյունքում, որոնք իրականացվել են Չոկո ու Անթիոքիա տարածքների վրա ( երկրի հյուսիս- արեւմուտք):

Կոլումբիացի զինվորական նավաստիներն ավելի քան 1.1 տոննա կոկաին են հայտնաբերել  այն նավում, որը ձերբակալել էին Անթիոքիա դեպարտամենտում Մուլատոս նավահանգստի մոտ: Նավում գտնվող մաքսանենգներին հաջողվել է փախուստի դիմել: Այդ թմրանյութի եւս մեկ խմբաքանակ՝ գրեթե 2 տոննա քաշով, ոստիկանությունը գտել է Ականդի (Չոկո) շրջանի ամենադժվար հասանելի տեղանքներից մեկում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կոլումբիայի ոստիկանության հրամանատարության ներկայացուցիչները հայտնել են, որ կոկաինի առգրավված խմբաքանակները պատկանում էին «Կլան Ուսուգա» խմբավորմանը, որը մոտավորապես 2.6 հազար անդամ ունի: Դրա դեմ իրավապահ մարմինները երկար ժամանակ է ակտիվ պայքար են մղում: Առայժմ չի հաջողվել ձերբակալել այդ խմբավորման առաջնորդներին,  որն ամենավտանգավորն է համարվում հարավամերիկյան հանրապետությունում:

Կոլումբիայի բանակն ու ոստիկանությունը երկրի ամբողջ տարածքում ակտիվ պայքար են մղում թմրաբիզնեսի դեմ: Պաշտոնական տվյալներով, այս տարեսկզբից հանրապետությունում արդեն 28 տոննա կոկաին է առգրավվել: