Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին իրոք Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին առաջարկել է դառնալ երկրի վարչապետ։ Այս մասին «Լեւի բերեգ» պարբերականին տված հարցազրույցում ասել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» պատգամավոր Մուստաֆա Նայեմը։

Այդ մասին ավելի վաղ հայտնել էր նաեւ հենց Ավակովը։ Միաժամանակ ինքը՝ Սահակաշվիլին, հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը։

«Ես հստակ չգիտեմ, թե դա ինչ խոսակցություն է եղել։ Սակայն Միշան չի կարող վարչապետություն առաջարկել, Միշան նահանգապետ է։ Ենթադրում եմ, որ խոսակցությունը եղել է մոտավորապես այսպես. Արսեն Ավակովն իրոք «Ազգային ճակատի» առաջնորդներից մեն է։ Իսկ Բարնայի հետ պատմությունից հետո Արսեն Բորիսովիչի վարքը շատ հստակ հասկացնել տվեց, թե որտեղ է ուժը։ Միխայիլը անկեղծ խաղացող մարդ է,  նա կարող է ուղղակի ճակատին ասել. «Արսե՛ն, տարբերակ կա»։ Ես կարծում եմ, որ խոսակցությունն հենց այդ հունով էլ ընթացել է։ Բայց ես վկա չեմ եղել։ Խոսակցությունն իրոք եղել է»,- ասել է Նայեմը։