Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ Մոսկվան ճիշտ կաներ` վերադարձներ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Միլիարդատերը նման հայտարարություն է արել բանավեճի ընթացքում, որի սղագրությունն է ներկայացնում  The Atlantic-ը:

«Էդվարդ Սնոուդենը լրտես է: Եվ եթե Ռուսաստանը հարգեր մեզ, նրան  անմիջապես հետ կուղարկեին», — ասել է Թրամփը:

Էդվարդ Սնոուդենը 2013-ի հունիսին բացահայտել էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդները:   Նրա ներկայացրած փաստաթղթերը վկայում են, որ ԱՄՆ-ն գաղտնալսել է ինչպես սովորական քաղաքացիների, այնպես էլ արտասահմանցի քաղաքական գործիչների:  Սնոուդենի խոսքով, ինքը լրագրողներին տասնյակ հազարավոր փաստաթղթեր է տրամադրել: Միաժամանակ նա պնդում է, թե բացահայտված տեղեկատվությունը վնաս չի հասցնում ԱՄՆ-ի ազգային շահերին, տեղեկացնում է RBK-ն: 

Գաղտնի տվյալների հրապարակումից հետո Սնոուդենը փախել էր Հոնկոնգ, իսկ հետո հասել էր Մոսկվա: Երկար բանակցություններից հետո  2013-ի օգոստոսին նրան ապաստան տրամադրեցին, իսկ հետո` գրանցում:   

ԱՄՆ-ում Սնոուդենին հեռակա մեղադրեցին լրտեսության եւ պետական ունեցվածքի հափշտակման համար: ԱՄՆ-ի օրենքների համաձայն, նրան կարող է երկարատեւ ազատազրկում սպառնալ կամ էլ մահապատիժ: 

2015-ի հոկտեմբերին Սնոուդենը հայտնել էր ամերիկյան քննչական մարմինների հետ գործարք կնքելու եւ բանտ նստելու հնարավորության մասին: ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը չի մեկնաբանել նրա հայտարարությունը: