Ծայրահեղական ԻՊ խմբավորումը նոր տեսանյութ է հրապարակել բրիտանացի Ջոն Քենթլիի մասնակցությամբ, որին գրոհայինները Սիրիայում պատանդ են վերցրել: 

Քենթլիի մասնակցությամբ նոր տեսանյութը պատրաստված է լրատվական սյուժեի ձեւաչափում եւ ենթադրաբար նկարահանված է իրաքյան Մոսուլ քաղաքում: Նրբագեղ հագնված Քենթլին ելույթ է ունենում թղթակցի դերում, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Կանգնած մի փոքրիկ շինության ավերակների մոտ, որը, ինչպես ինքն է ասում, ԻՊ-ի քարոզչական գրքույկներ բաժանող թերթի կրպակ է եղել, Քենթլին հեգնում է այն, որ ԱՄՆ-ի առաջնորդած հակաահաբեկչական կոալիցիան թանկարժեք հրթիռներ  եւ ռումբեր է օգտագործում «թերթի կրպակների դեմ պատերազմի համար»:.

Պատանդն անգլերեն է խոսում, տեսանյութն ուղեկցվում է արաբերեն ենթագրերով: 

Վերջին անգամ համացանցում Քենթլիի մասնակցությամբ տեսանյութ էր հայտնվել ավելի քան մեկ տարի առաջ: Նախորդ տեսանյութում նարնջագույն կոմբինեզոն հագած Քենթլին ասում էր, թե վաղուց համակերպվել է նրան, որ ինքը ստիպված է լինելու կիսել իր խցակիցների ճակատագիրը: 

Քենթլին երկու անգամ գերի է ընկել Սիրիայում: Առաջին անգամ նրան առեւանգել էին 2012-ի հուլիսին, այդ ժամանակ նրան հաջողվել էր փախչել Սիրիայի ազատ բանակի օգնությամբ:  

Երկրորդ անգամ նրան առեւանգել են, երբ 2012-ի վերջին Սիրիա է վերադարձել: