Ղազախստանում նախագահի, խորհրդարանի եւ կառավարության միջեւ իշխանության իրավասությունները կարող են վերաբաշխվել: Արդյունքում Ղախազստանը կդադարի գերնախագահական հանրապետություն լինել: Մարտի 20-ին Մեջլիսի արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

«Մենք մտածում ենք այդ ուղղությամբ: Թե երբ դա տեղի կունենա, կախված  տնտեսության, երկրի եւ աշխարհի իրադրությունից: Եթե դա է ժողովրդի կամքը, մենք լրջորեն կմտածենք այդ մասին»,- ասել է Նազարբաեւը:

Մարտի 20-ին Ղազախստանում խորհրդարանի Ստորին պալատի՝ Մեջլիսի եւ Տեղական ներկայացուցչական մարմինների անդամների արտահերթ ընտրություններ են անցկացվում: Ըստ Lenta-ի, ընտրությունները պետք է անցկացվեին այս տարեվերջին, սակայն պատգամավորները որոշեցին, որ իրենց անհրաժեշտ է անհապաղ բնակչության վստահության նոր մանդատ ստանալ: