Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագրի իրագործման հարցով ԵՄ-ի համակարգող է նշանակել Մարտեն Վերվեյին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մարտեն Վերվեյը կազմակերպելու եւ համակարգելու է ԵՄ երկրներից, այդ թվում՝ Հունաստանից, Աջակցության ապաստանի տրամադրման եվրոպական բյուրոյի (EASO) եւ Արտաքին սահմանների վերահսկողության Frontex եվրոպական գործակալության մասնագետների աշխատանքը»,- հաղորդել է ԵՀ մամուլի ծառայության ներկայացուցիչը:
ԵՄ անդամ երկրների առաջնորդներն ու Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մարտի 18-ին միգրացիոն համաձայնագիր կնքեցին՝ պայմանավորվելով հետ վերադարձնել Թուրքիայից Հունաստան ժամանած բոլոր ապօրինի միգրանտներին՝ Թուրքիայի համար վիզային ռեժիմի չեղարկման, լրացուցիչ 3 մլրդ եվրոյի տրամադրման եւ Եվրամիության կողմից սիրիացի փախստականների ընդունման դիմաց: Մարտի 20-ից հետ կուղարկեն Թուրքիայից Էգեյան ծովով հունական հինգ կղզիներ հասած բոլոր միգրանտներին:





























