Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուեւը, որը Ղազախստանում անցկացվող խորհրդարանական ընտրություններում որպես դիտորդ է աշխատում, մեկ խախտում է արձանագրել: Այս մասին գրում է Tengrinews.kz կայքը:

Նա նկատել է, որ ընտրողներից մեկը քվեաթերթիկ է ստացել՝ անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չունենալով: Սակայն պատգամավորը, ընդհանուր առմամբ, գոհ է ընտրությունների կազմակերպումից:

Իսկ ՌԴ Պետդումայի մեկ այլ պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը դրական է գնահատել Ղազախստանում ընտրությունների համար գոյացող հերթերը: «Ցավոք, Ռուսաստանում ընտրություններում այսպիսի հերթեր չեն գոյանում: Սրանք լավ հերթեր են, հացի համար չեն: Հերթ են կանգնում՝ իրենք քաղաքացիական իրավունքն իրացնելու համար»,- նշել է Կոբզոնը:

Մարտի 20-ին Ղազախստանում խորհրդարանի Ստորին պալատի արտահերթ ընտրություններ են անցկացվում: