Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին հաջողվեց առաջ անցնել ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբամայից: Այս մասին գրում է բրիտանական The Sunday Times-ը՝ մեկնաբանելով Սիրիայից ռուսական զինուժի դուրսբերման մասին Կրեմլի որոշումը:
Պարբերականը հիշեցնում է, որ Սիրիայում ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո ԱՄՆ նախագահը հայտարարում էր, որ Պուտինը «բարդացրեց առանց այն էլ խճճված իրադրությունը», եւ Ռուսաստանը «կընկղմվի ճահիճը»: Ամեն դեպքում, Մոսկվան, սատարելով սիրիական առաջնորդ Բաշար Ասադին, փաստացի շատ քիչ ռազմական եւ ֆինանսական կորուստներ կրեց: Բացի այդ, The Sunday Times-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Սիրիայից ռուսական ուժերի հիմնական մասի դուրսբերումն անսպասելի էր Օբամայի համար:
«Նա [Պուտինը] հստակ գիտի, թե ինչպես պետք է բոլորին լարված պահել (...): Նա շատ ժամանակ է կորցնում՝ որոշումներ կայացնելու համար, սակայն Սիրիայի հարցում հենց նա է առաջ տանում օրակարգը եւ բոլորին ստիպում ուշադրություն դարձնել իրեն: Մենք նրա հետ բռնոցի ենք խաղում»,- The Sunday Times-ին ասել է անունը հրապարակել չցանկացած արեւմտյան դիվանագետը:
Ըստ Lenta-ի, նույն կարծիքին է նաեւ 2011-2012 թվականներին ԿՀՎ-ն ղեկավարած գեներալ Դեւիդ Պետրեուսի նախկին խորհրդական Մաքս Բուտը: «Ռուսական շահերի տեսանկյունից Պուտինը հաջողության հասավ եւ ցույց տվեց, որ միջազգային թատերաբեմում ինքն ավելի լավ պոկեր խաղացող է, քան Վաշինգտոնից իր գործընկերը»,- Բուտի խոսքերն է մեջբերում պարբերականը:





























