Իսրայելում գյուղատնտեսությամբ զբաղվելը հպարտություն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Իսրայելի «ԲԻՆԱ» խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Յոավ Գալը` անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում իրենց գրանցած արդյունքներին:

Գալի պնդմամբ, գյուղատնտեսության մեջ հաջողության հասնելու կարեւորագույն բաղադրիչը մարդկային ռեսուրսն է, որը պետք է մոտիվացված լինի, սովորելու ցանկություն ունենա եւ հպարտանա իր աշխատանքով:

«Եթե դու սովորելու ցանկություն ունես, ապա ներգրավվոմ ես քո շրջապատին եւ օրինակ անապատը խոչընդոտից դարձնում ես հնարավորություն: Իսրայելցիները սովորել են՝ ինչպես անապատը խնդրից դարձնել առավելություն: Մենք եվրոպական շուկա մտանք, երբ այնտեղ ձմեռ էր, ցուրտ, իսկ մեզ մոտ՝ ճիշտ հակառակը: Մենք կարողացանք օգտվել եղանակի պայմաններից եւ մեր ապրանքը արտահանել»,- ասաց Յոավ Գալը:

Փորձագետի խոսքով, Իսրայելում գյուղացին հպարտ է իր աշխատանքով, ավելին նա չի համարվում հասարակության ստորին օղակի մաս:

«Հայաստանում ենք ընդամենը մի քանի օրով, սակայն ակնհայտ է, որ գյուղատնտեսության նկատմամբ հայերի հոռետեսական հայացքները պետք է վերացնել: Պետք չէ մոռանալ, որ եթե որակյալ հասարակություն ունես, ցանկացած խնդիր կարող ես դարձնել առավելություն եւ հասնես հաջողության»,- նշեց Գալը:

Իսրայելի գյուղատնտեսության և գյուղի նախարարության ներդրումների ֆինանսավորման վարչության որակի կառավարման և տնտեսական հարցերով տնօրեն Եֆրաթ Հադասի կարծիքով՝ Իսրայելի հաջողության գաղտնիքը միասնականության մեջ է:

«Տեխնոլոգիաներ կան բոլոր երկրներում, սակայն մեր առավելությունը մեր միասնական աշխատանքի մեջ է: Իհարկե, մասնագետը նոր տեխնոլոգիաներ է ստեղծում, սակայն գյուղացին է օգտագործում: Նա է որոշում՝ այդ նորամուծությունն իրեն կարող է օգնել, թե ոչ: Մեզ մոտ առհասարակ ենթակառուցվածքները լավ են զարգացած, բացի դրանից, մարդիկ նախընտրում են գյուղում ապրել, աշխատել, քան քաղաքում: Հայաստանում ճիշտ հակառակն է»,- ասաց Եֆրաթ Հադասը:

Նշենք, որ իսրայելցի փորձագետները Հայաստանում էին՝ գյուղատնտեսական դասընթաց անցկացնելու նպատակով: