Ներգաղթյալները կարծում են, որ, Թուրքիայի հետ գործարքի գնալով, Եվրոպան իրենց դավաճանել է, գրում է The New York Times-ը։
Պարբերականը նշում է, որ Եվրոպայի համար Թուրքիայի հետ համաձայնագիրը հիանալի հնարավորություն էր լուծել միգրացիոն ճգնաժամը։ Թուրքիան էլ իր հերթին կարողացավ հասնել վիզային սահմանափակումների չեղարկմանը, ԵՄ-ին անդամակցելու գործընթացի արագացմանը եւ 6 մլրդ եվրո ֆինանսական օգնություն ստանալ։
Սակայն Սիրիայից, Աֆղանստանից, Իրաքից եւ այլ երկրներից ժամանած փախստականների համար համաձայնագիրը լիակատար հիասթափություն էր, քանի որ Եվրոպան նրանց վերջին հույսն էր, գրում է թերթը։ Կողքից Եվրոպայի պահվածքը դավաճանություն է թվում։
«Մենք փրկության մեկ դուռ ունեինք, եւ հիմա այն փակել են»,- ասում է սիրիացի Իսսի Ադամը, ով մի քանի օր առաջ էր ժամանել Եվրոպա, սակայն նրան հետ են ուղարկել Թուրքիա՝ չթողնելով հասնել նշանակման կետին։
Հիմա ներգաղթյալները պետք է իրենց ապագան Թուրքիայում կառուցեն, մի երկրում, որն ավելի վտանգավոր է դառնում։ Սիրիացիներին մնում է հուսալ, որ Թուրքիան Եվրոպայից ստացած գումարը ծախսելու է իրենց օգնություն տրամադրելու համար։




























