Ավստրալիայի Վիկտորիայի նահանգում հեծանվորդները վրաերթի են ենթարկել սատկած կենգուրուին եւ բախվել հանդիպակաց մեքենային, ինչի հետեւանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել մեկ մարզիկ։ Վիրավորվել է եւս 6-ը։ BBC-ի տեղեկություններով՝ մրցավազքում հաղթող մարզիկը կարողացել է շրջանցել կենդանու դին, սակայն մյուս 8 հեծանվորդները անցել են նրա վրայով եւ բախվել դիմացից եկող մեքենային։

Վիրավորներից մեկը 50-ամյա տղամարդ է, որի վիճակը կայուն ծանր է։

Վթարը տեղի է ունեցել Շեպարթոն քաղաքի մոտ՝ Մելբուռնից 200 կմ հեռավորության վրա։

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննությունը պետք է պարզի, թե արդյոք մայր մտնող արեւը մարզիկներին խանգարել է տեսնել կենդանու մարմինը։