Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն օրերս հանդիպում է ունեցել Կանադայի Զինված ուժերի գլխավոր հոգեւոր առաջնորդ, գեներալ-բրիգադիր Գի Շապդելենի հետ եւ քննարկել տարբեր ոլորտներում հայ-կանադական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը հրավիրված է եղել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը:

Կողմերն անդրադարձել են հայ-կանադական արդյունավետ փոխգործակցությանը միջազգային հարթակներում, այդ թվում` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությանը աշխարհի տարբեր երկրներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին:

Դեսպան Եգանյանն ու Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը Շապդելենին ներկայացրել են ՀՀ Զինված ուժերում գործող հոգեւոր առաջնորդության ծառայությունը` մեծապես կարեւորելով վերջինիս դերը զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից: Նրանք մտքեր են փոխանակել երկու երկրների զինված ուժերի հոգեւոր ծառայությունների միջեւ համագործակցության եւ փորձի փոխանակման վերաբերյալ: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ուսումնասիրել փոխգործակցության, այդ թվում` փոխայցելությունների հնարավորությունը: