Չնայած Թուրքիայի ու ԵՄ-ի միջեւ համաձայնագիրը մարտի 20-ին ուժի մեջ է մտել՝ հարյուրավոր ներգաղթյալներ են շարունակում Հունաստան ժամանել: France-Presse-ը վկայակոչելով ոստիկանական աղբյուրները, հայտնել է, որ Էգեյան ծովի հարավարեւելքում մեկ օրում չորս մարդ է խեղդվել:
Նախօրեին Լիբիայից ուղեւորված 600 ներգաղթյալների էին փրկել Հունաստանի ափերի մոտ: Լեսբոս կղզու վրա, որը Իրաքից, Սիրիայից ու Աֆղանստանից Եվրոպա եկող ներգաղթյալների առաջին ժամանման կետն է, ոստիկանությունն այս հանգստյան օրերին մոտավորապես 800 մարդու է գրանցել: ԵՄ արտաքին սահմանների անվտանգության հարցերով գործակալության աշխատակիցները ներգաղթյալների չդադարող հոսքը բացատրում ե ն նրանով որ ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ համաձայնագրի գործողությունը դեռ կարգավորված չէ: Նոր ժամանողներին առաջվա պես շարունակում են գրանցել Մորիայում, բայց ոստիկանապետ Դիմիտրիս Ամուրցիյասի խոսքով, դեռ հայտնի չէ, թե ինչպես են ներգաղթյալներին հետ ուղարկելու Թուրքիա:
Մոտավորապես 2300 փորձագետներ պետք է ժամանեն Հունաստան ներգաղթյալների հետ աշխատելու համար: Փարիզն ու Բեռլինը խոստացել են քաղաքական ապաստանի հարցերով 600 փորձագետների ուղարկել, եւս 70-ին էլ այսօր Ռումինիան է խոստացել ուղարկել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ միգրանտներին սկսելու են հետ ուղարկել արդեն ապրիլի 4-ից, սակայն Աթենքը դեռ չի հաստատել այս տեղեկությունը: Թուրքիան էլ իր հերթին հայտնել է, որ կիրակի ձերբակալվել է 210 մարդ, որոնք փորձում էին ապօրինի ճանապարհներով Եվրոպա մտնել:
Անկարայի ու Բրյուսելի միջեւ կնքված համաձայնագրի նպատակն է փակել Էգեյան ծովով ներգաղթյալների ճանապարհը, որով տարեսկզբից մինչեւ հիմա Եվրոպա է ժամանել 150 000 մարդ, իսկ 2015-ին՝ 850 000:
Ենթադրվում է, որ Հունաստան ժամանող ապօրինի նեգաղթյալներին հետ կուղարկեն Թուրքիա, իսկ ԵՄ երկրներն էլ իրենց հերթին կընդունեն 72 հազար սիրիացի փախստականների: Եվրահանձնաժողովը հաշվել է, որ դրա համար կպահանջվի առաջիկա վեց ամիսներին ապահովել 4000 գործակալների աշխատանք ու 280 մլն եվրո, փոխանցում է RFI Միջազգային ֆրանսիական ռադիոն:





























