Գերմանիայի խորհրդարանի խոսնակ Նորբերթ Լամերթը պատգամավորական անձեռնմխելիության անհրաժեշտություն չի տեսնում։ Նա առաջարկել է պատգամավորներին պատասխանատվության կանչելու նույն ընթացակարգը կիրառել, որը գործում է Բրանդենբուրգ դաշնային հողում։ Վերջերս «Կանաչներ» խմբակցության պատգամավոր Ֆոլքեր Բեքի մետ հայտնաբերած թմրանյութի շուրջ սկանդալի կապակցությամբ Լամերթը կողմ է արտահայտվել Գերմանիայում պատգամավորական անձեռնմխելիությունը չեղարկելուն։ Նա նշել է, որ որեւէ առավելություն չի տեսնում պատգամավորներին քրեական պատասխանատվությունից Սահմանադրությամբ պաշտպանելու մեջ, գրում է Tagesspiegel am Sonntag թերթը։

Բունդեսթագի խոսնակը պարզաբանել է, որ պատգամավորական իմունիտետից զրկելը մեծապես կապված է հրապարակայնության հետ եւ արագ ձեռք է բերում վաղաժամ մեղադրանքի բնույթ։

Նշենք, որ Գերմանիայի Սահմանադրության համաձայն՝ հանցագործություն կատարած պատգամավորը կարող է պատասխանատվության ենթարկվել կամ կալանավորվել միայն Բունդեսթագի որոշմամբ։ Ընդ որում, քրեական գործը կամ կալանքը կարող է կասեցվել խորհրդարանի պահանջով։ Նման միջոցներն անհրաժեշտ են, որպեսզի դատախազությունը չկարողանա ինքնակամ գործ հարուցել պատգամավորների դեմ եւ խոչընդոտել օրենսդիր իշխանության գործունեությանը։