Կալիֆորնիայի նահանգի (ԱՄՆ) դաշնային դատարանն անցյալ շաբաթ ընդունել է Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի (LCIA) վճռի օրինականությունը եւ դրա իրագործման նպատակով վճռել է ԵԴ Պետական դումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանից հօգուտ գործարար Վիտալի Սմագինի բռնագանձել ավելի քան 92,5 մլն դոլար:
Ամերիկյան դատարանի որոշումը «անհապաղ կերպով» կբողոքարկվի, Դատական եւ իրավական տեղեկատվության ռուսական գործակալությանը հայտնել է Եղիազարյանի փաստաբան Մայքլ Ադլերը Tantalo & Adler LLP իրավաբանական ընկերությունից: «Մենք ենթադրում ենք, որ դատարանը [ԱՄՆ-ում] չպետք է դատավճիռ կայացներ, քանի դեռ գործը քննվում է Անգլիայի վերաքննիչ ատյանում», - РАПСИ-ին պարզաբանել է փաստաբանը:
2014-ի նոյեմբերին Լոնդոնի արբիտրաժային դատարանը Եղիազարյանին եւ նրան պատկանող Kalken Holdings Ltd.-ին պարտավորեցրել է ավելի քան 84 մլն դոլար գումարած տոկոսներ վճարել գործարար Վիտալի Սմագինին, որը հայտնել է, թե իրենից գողացել են Ռուբլյովյան խճուղու ԱԿ-ի իր մասնաբաժինը:
Եղիազարյանը փորձել է Լոնդոնի Գերագույն դատարանում բողոքարկել այդ որոշումը` պնդելով, ի թիվս այլ բաների, թե իր նախկին գործընկերոջ շահերի պաշտպանության վերաբերյալ 2008-ի պայմանագիրն իրավական ուժ չունի: Նախկին պատգամավորն այն ժամանակ պնդում էր, թե համաձայնագրի տակ իր ստորագրությունն իբր կեղծվել է, իսկ Սմագինի հետ վեճը չի տեղավորվում արբիտրաժային վերապահության տակ, ինչի հետեւանքով արբիտրաժը լիազորված չէր քննել առաջացած վեճը:
Լոնդոնի դատարանը 2015-ի հուլիսին մերժել է Եղիազարյանի գանգատը, ինչի կապակցությամբ վերջինս վերաքննիչ դատարանին է դիմել` վիճարկելով ընդամենը արբիտրաժային վերապահության օրինականությունը: Վերաքննիչ ատյանում լսումները նշանակված էին այս տարվա մայիսին, բայց դատարանի ծանրաբեռնվածության պատճառով հավանաբար կտեղափոխվեն ավելի ուշ ժամկետի, եզրակացվում է դատական փաստաթղթերից:
Այդ ընթացքում Սմագինը փորձում է արբիտրաժային որոշման ճանաչման եւ կատարման հասնել Միացյալ Նահանգների տարածքում, որտեղ, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ապրում է Եղիազարյանը: Դեռեւս 2014-ի դեկտեմբերին Սմագինը դիմել էր Կալիֆորնիայի նահանգի Դաշնային դատարանին` արբիտրաժային որոշման ճանաչման հայցով: Փետրվարի սկզբին նա միջնորդություն ներկայացրեց պարզեցված ընթացակարգով իր հայտարարությունը քննելու մասին` նշելով, որ Եղիազարյանը մեկ տարուց ավելի է` խուսափում է արբիտրաժային որոշման կատարումից` թաքցնելով իր ակտիվները:
Նախկին պատգամավորն իր առարկություններն է ներկայացրել Սմագինի ներկայացրած միջնորդությանը: Այսպես, նրա վկայությամբ, Սմագինը դատական կարգով հասել է ՌԴ-ում իր ակտիվների արգելափակմանը, որոնց գումարը զգալիորեն գերազանցում է նրա կողմից հայտարարագրված վնասի գումարը: Սակայն Եղիազարյանի կարծիքով, Սմագինը դիտավորյալ այդ մասին տեղյակ չի պահել ամերիկյան դատարանին` իր հայտարարած վնասի կրկնակի փոխհատուցում ակնկալելով: Եղիազարյանի առարկություններն ամրապնդված են նրա փաստաբանների` բարիստեր Ջերեմի Բրիերի, Gibson, Dunn & Crutcher իրավաբանական ընկերությունից Դուգլաս Ուոթսոնի, ինչպես նաեւ Պավել Աստախովի Փաստաբանների կոլեգիայից Դմիտրի Բարաննիկովի պարզաբանող գրություններով:





























