Անցյալ տարի ԱՄՆ-ի վարչակազմը փաստաթղթերի գաղտնազերծման ռեկորդ է սահմանել: Սպիտակ տունը չի կարողացել պատասխանել կառավարության փաստաթղթերին մուտքի ամեն վեցերորդ կամ էլ ավելի քան 100 հազար դիմումի:
ԱՄՆ-ի վարչակազմը քաղաքացիներին պետական կառույցների տվյալների տրամադրման հակառեկորդ է սահմանել. վերջիններս այդ փաստաթղթերը պահանջել էին Տեղեկատվության ազատության մասին օրենքի (Freedom of Information Act) հիման վրա, ասված է 2015-ի ֆինանսական տարվա վերլուծությունից, որն իրականացրել է Associated Press գործակալությունը: Սպիտակ տունը չի կարողացել փաստաթղթեր հայտնաբերել ամեն վեցերորդ դիմումի համար կամ էլ կառավարության տվյալներին մուտքի 129,8 հազար հայտարարության: Իր վերլուծության մեջ Associated Press-ը գնահատել է 2015-ի ֆինանսական տարվա համար 100 պետական գործակալությունների աշխատանքը, հայտնում է RBK-ն:
Ավելի վաղ նախագահ Օբաման իր կառավարությունն անվանել էր ամբողջ պատմության ընթացքում ամենաբացը: Նրա վարչակազմը հաշվետվություն է ներկայացրել 769,9 հազար դիմումի մշակման վերաբերյալ, ինչը 19 տոկոսով ավելի է, քան 2014-ին: Միաժամանակ այդ աշխատանքի համար պատասխանատու աշխատակազմն այս ընթացքում ավելացել է ընդամենը 7 տոկոսով:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը չի կարողացել մեկնաբանել հրապարակված թվերը: Նրա խոսքով, պաշտոնյաները նման դեպքերում ջանում են ընդառաջել քաղաքացիներին: Տեղեկատվության ազատության մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 1966-ին, չի տարածվում Կոնգրեսի վրա:
Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն, ԱՄՆ-ի քաղաքացիները եւ օտարերկրացիները կարող են գործադիր իշխանության ամերիկյան մարմիններից պահանջել իրենց ներկայացնել փաստաթղթերի պատճեններն անվճար կամ խորհրդանշական գումարի դիմաց: Տեղեկատվությունը կարող է գաղտնազերծվել, եթե դրա հրապարակումը սպառնալիք չի հանդիսանում ազգային անվտանգության համար, չի խախտում անձնական կյանքի անձեռնմխելիությունը եւ առեւտրական գաղտնիք կամ գաղտնի տվյալներ չի պարունակում:
Որոշ դեպքերում, երբ լրատվական գործակալությունները վարչակազմին դատի են տալիս, կառավարությունը ներկայացնում է իբր նախկինում չհայտնաբերված փաստաթղթեր տասնյակ հազարավոր էջեր ծավալով: Gawker ռեսուրսն անցյալ տարի ԱՄՆ-ի Պետքարտուղարությանը դատի էր տվել այն բանից հետո, երբ վերջեինս ասել էր, որ չի կարող տվյալներ ներկայացնել Հիլարի Քլինթոնի տեղակալ եւ օգնական Ֆիլիպ Ռեյնսի եւ ԶԼՄ-ների էլեկտրոնային նամակագրության վերաբերյալ: Հայցի ներկայացումից հետո պետքարտուղարությունը Ռեյնսի եւ մամուլի նամակագրության 90 հազար փաստաթուղթ է հայտնաբերել:





























