Բեռլինում ITB զբոսաշրջային ցուցահանդեսում ադրբեջանցիների սադրանքը ձախողվեց։ Այս մասին մարտի 21-ին Երեւանում լրագրողներին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի պատասխանատու Արտակ Գրիգորյանը՝ անդրադառնալով մարտի 8-12-ը կայացած ցուցահանդեսի ժամանակ գրանցված միջադեպին։
«Երկկողմ հանդիպումներին նվիրված առաջին օրերին ցուցահանդեսը հանգիստ էր ընթանում, սակայն երբ բացվեց ցուցահանդեսի սրահը, Ադրբեջանը փակեց իր տաղավարը՝ այնտեղ քաղաքական բնույթի պաստառներ ամրացնելով։ Դրանից հետո մի խումբ ադրբեջանցիներ մոտեցել էին Ղարաբաղի տաղավարին եւ փորձել էին ծածկել այն Ադրբեջանի դրոշներով, հետո փակել մուտքը։ Անվտանգության աշխատակիցների հանդարտ եւ զուսպ գործողությունների շնորհիվ՝ միջադեպը հարթվեց, իսկ այցելուների մուտքը դեպի Ղարաբաղի տաղվար՝ վերականգվեց»,- ասել է Գրիգորյանը։
«Ադրբեջանական կողմն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի տապալի ԼՂՀ մասնակցությունը նման միջազգային միջոցառումներին։ Սկզբում դիվանագիտական աղբյուրներով, հետո՝ տարբեր ակցիաներով»,- հավելել է ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը։ Նա նաեւ նշեց, որ Ղարաբաղը միջազգային ցուցահանդեսներին պատվիրակություններ է ուղարկում արդեն 8 տարի, եւ դա օգնում է հանրապետությունն ավելի ճանաչելի եւ գրավիչ դարձնել։




























