Հայաստանի Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան համաձայնագիր է ստորագրել ռուսական ընկերություններից մեկի հետ՝ Եվրո-4 եւ Եվրո-5 ստանդարտներին բեռնատար տրանսպորտային միջոցների համապատասխանության մասին վկայելու (տեխնիկական վիճակը ստուգելու) համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը՝ հավելելով, որ առանց այդ փաստաթղթի բեռնատարները չեն կարող Եվրամիություն մտնել:

ԵՄ երկրներ մտնելու համար հարկավոր է մեքենայի ամբողջական ապահովագրություն (green card insurance), բեռի եւ վարորդի ապահովագրություն: Ասոցիացիան ներկայում համագործակցում է ապահովագրական կազմակերպությունների հետ՝ հայ փոխադրողներին այդ «կանաչ քարտերը» տրամադրելու համար:

«Առանց այդ վկագրերի եւ ապահովագրության Եվրամիություն մտնելն անհնար է: Իսկ ռուսաստանցի գործընկերներն առաջարկում են անհրաժեշտ փորձագիտական եզրակացությունն ու ապահովագրությունը տրամադրել շահեկան պայմաններով: Դրա շնորհիվ մենք կկարողանան մտնել եվրոպական շուկա»,- հավելեց Համբարձումյանը:

Իհարկե, բեռնատար տրանսպորտային միջոցների հիմնական հոսքի համար Եվրոպա մուտքն անմիջապես չի բացվի, այլ մինչեւ 2018 թվականը, քանի որ ներկայում Հայաստանի բեռնատարների առյուժի բաժինը համապատասխանում է միայն Եվրո-3 ստանդարտին: 2-3 տարի անց հայկական բեռնափոխադրողների մեծ մասը կմարի դրա վարկերը եւ կկարողանա թարմացնել ավտոպարկը: