2015 թվականը Հայաստանում արտահանման բեռնափոխադրումների համար չափազանց անբարենպաստ տարի էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը՝ հավելելով, որ հատկապես տուժել է թարմ մրգերի եւ կոնյակի արտահանումը:
«Եթե հիշում եք, անցյալ ամռանն ուժեղ շոգի պատճառով Հայաստանի բոլոր մարզերում ծիրանը գրեթե միաժամանակ հասունացավ: Իսկ սովորաբար ծիրանը հասունանում է 40 օրվա տարբերությամբ. նախ՝ Արարատի մարզում, հետո՝ Արմավիրում եւ այլն: Իսկ անցյալ տարի Մոսկվա արտահանվեց միանգամից գրեթե ամբողջ բերքը՝ շուրջ 500 բեռնատար: Դա շատ է նույնիսկ հսկայական Մոսկվայի համար: Իսկ ծիրանը, ինչպես հայտնի է, երկար պահել չի կարելի: Դրա հետ կապված մեծ բարդություններ եղան, շատերի մոտ ապրանքը մնաց ու փչացավ»,- հավելեց Համբարձումյանը:
2015 թվականին զգալիորեն կրճատվեցին նաեւ կոնյակի եւ ջրի արտահանման պատվերները:
Հարցին, այս անկումը չի՞ փոխհատուցվել ծխախոտի արտահանմամբ, որի ծավալները 2014 թվականից զգալիորեն աճում են, Համբարձումյանը պատասխանեց, որ արաբական երկրներ (որոնց բաժին է ընկնում ծխախոտի արտահանման հիմնական մասնաբաժինը) դրանց արտահանումն իրականացնում են ո՛չ հայկական ընկերությունները:





























