Քալիֆորնիա նահանգի ոստիկանությունը պարզել է Ուեսթ Քովինա քաղաքում ոստիկանական մեքենան առեւանգած, հետապնդումից հետո սպանված կասկածյալի ինքնությունը։ Ըստ իրավապահների, նա Նորթ Հալիվուդի 45-ամյա բնակիչ Գեւորգ Ալաչաջյանն է։
CBS հեռուստաալիքի տվյալներով, դեպքը տեղի էր ունեցել մեկ շաբաթ առաջ, կիրակի երեկոյան ժամը 21։45-ին։ Ալաչաջյանը ահազանգել էր ոստիկանություն՝ իբր օգնություն է հարկավոր։ Դեպքի վայր ժամանած ոստիկանը դուրս էր եկել մեքենայից, այդ ժամանակ կասկածյալը նստել էր մեքենան եւ մեծ արագությամբ սլացել։ Ոստիկանները մեկ ժամ շարունակ հետապնդել էին նրան գրեթե 160 կմ/ժամ արագությամբ։
Գլենդելում, Ջեքսոն եւ Քոլորադո փողոցների խաչմերուկում ոստիկանները մի քանի անգամ փորձել էին կանգնեցնել մեքենան։ Ալաչաջյանը դուրս էր եկել մեքենայից, դիմադրել, արդյունքում ոստիկանները գնդակահարել եւ սպանել էին նրան։ Միջադեպի հետեւանքով իրավապահները չեն տուժել։
Ըստ Ուեսթ Քովինայի ոստիկանության ներկայացուցչի, Ալաչաջյանը փորձել է զինվել պարեկային մեքենայում գտնվող զենքով։ Այժմ հետաքննություն է ընթանում, ոստիկանությունը չի բացառում, որ տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել։





























