Բելգրադի կենտրոնում գտնվող հրուշակեղենի խանութում պայթուցիկ սարքի (ենթադրաբար՝ ձեռնառումբի) գործադրմամբ ինքնասպանություն գործած անձը թմրանյութերի հետ կապված խնդիր ունեցող 57-ամյա Վլադիմիր Մ.-ն է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Blic պարբերականը:
Երկուշաբթի տղամարդը մտել էր Բելգրադում խորհրդարանի շենքից ոչ հեռու գտնվող հրուշակեղենի խանութ, բոլորին դուրս արել հաստատությունից եւ պայթեցրել իրեն: Անհայտ անձը տեղում մահացել էր, միջադեպի հետեւանքով այլ տուժածներ չկան: Երկրի ՆԳՆ-ն արդեն հայտարարել է, որ խոսքն ահաբեկչական գործողության մասին չէ, քանի որ ինքնասպանություն գործած տղամարդը պայթուցիկ սարքը գործի դնելուց առաջ երկու աշխատողներին եւ մեկ գնորդին հրամայել է անհապաղ հեռանալ:
Blic-ի տեղեկություններով, հրուշակեղենի խանութը պատկանում է երկրի մշակույթի նախկին նախարար Բրատիսլավ Պետկովիչին: Վերջինը լրագրողներին ասել է. «Վստահ եմ, որ հարձակումն իմ դեմ ուղղված չէր»:




























