Եվրամիությունը հույս ունի «Սիրիայում քաղաքական կարգավորման մեխանիզմ մշակել»: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«Հույս ունենք, որ Ժնեւի բանակցություններում կհաջողվի այնպիսի մեխանիզմ մշակել, որը վերջ կդնի սիրիական ճգնաժամին, ինչը կդադարեցնի փախստականների հոսքը եւ նրանց հնարավորություն կընձեռի հայրենիք վերադառնալ»,- ասել է եվրոպացի դիվանագետը:
Ըստ ՏԱՍՍ-ի, Մոգերինին Լիբանան է ժամանել մեկօրյա այցով: Նա հանդիպել է Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի եւ ԱԳ նախարար Ջեբրան Բասիլի հետ:
«Մենք Միջերկրածովյան միեւնույն տարածաշրջանից ենք եւ միասին բախվում ենք պատմության մեջ խոշորագույն ճգնաժամին, որն առաջացել է փախստականների հոսքի պատճառով»,- նշել է Մոգերինին՝ հիշեցնելով, որ «Լիբանանի հանդեպ ԵՄ-ի ուշադրությունը, որն ավելի քան 1 մլն սիրիացիների է ընդունել, երբեք չի թուլացել»:
Մամուլի ասուլիսում Մոգերինին խոստացել է, որ Եվրամիությունը, որը վերջին տարիներին լիբանանցիներին 1.7 մլրդ դոլարի օգնություն է ցուցաբերել, կշարունակի սատարել Բեյրութին:




























