ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահություն է հայտնել, որ Կուբայի դեմ սահմանված էմբարգոն հնարավոր կլինի չեղյալ հայտարարել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

«Վստահ եմ, որ էմբարգոն կչեղարկվի, բայց չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա»,- Հավանայում կայացած մամուլի ասուլիսում ասել է Օբաման՝ նշելով, որ էմբարգոն կուբացի ժողովրդի շահերից չի բխում:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ այն, թե որքանով արագ կչեղարկվի էմբարգոն, կախված է Վաշինգտոնի հետ Հավանայի համագործակցությունից այն հարցերի շուրջ, ինչպիսիք են, օրինակ, մարդու իրավունքները:

Կուբայի առաջնորդը Բարաք Օբամային կոչ է արել Կուբայի դեմ սահմանված ավելի շատ սահմանափակումներ վերացնել: