Դոնի Ռոստովի օդանավակայանում «Բոյինգ 737-800» օդանավի ընկնելու պատճառը կարող էր լինել ղեկի անսարքությունը: «Ռոսիյսկայա գազետա» թերթի հետ զրույցում նման ենթադրություն է հայտնել աղբյուրը, որը ծանոթ է հետաքննության ընթացքին:

Պարբերականի զրուցակցի խոսքով, ղեկը կարող էր սառչել ջերմաստիճանի կտրուկ տատանումից ու երբ օդաչուները հերթական անգամ վայրէջքի ժամանակ փորձել են վեր բարձրացնել օդանավը, նրանք պարզապես բավականաչափ ուժ ու ժամանակ չեն ունեցել, ղեկը շարժելու համար:

«ՌԳ» աղբյուրը ռոստովյան ավիավթարը համեմատել է 2013 թ. նոյեմբերին «Բոյինգ 737-500» օդանավի վթարի հետ՝ Կազանում վայրէջք կատարելու ժամանակ: Եթե համեմատենք օդանավերի թռիչքի վերջին րոպեների տեսագրությունը, ապա երեւում է, որ երբ օդանավերը գետնին են մոտենում նրանք նույն սցենարն են կրկնում, նշում է նա:

Ինչպես երկուշաբթի հայտնել էին Միջպետական ավիացիոն հանձնաժողովից (ՄԱՀ)՝ Դոնի Ռոստովում վթարի մասին առաջին եզրակացությունները կհայտնվեն մոտավորապես մեկ ամսից: Հիմա մասնաագետները «Բոյինգի» ինքնագրի տվյալներն են պատճենում: Գործը դանդաղ է առաջ գնում, քանի որ սեւ արկղը վնասված է, նշել են ՄԱՀ-ից:

Անձնակազմի բանակցությունների հրապարակված տեքստից պարզ է դառնում, որ օդանավակայանը վայրէջքի թույլտվություն է տվել, սակայն օդաչուն վայրէջքից առաջ որոշել է երկրորդ պտույտն էլ անել: Թե ինչն է եղել օդաչուի մտափոխության պատճառը, հայտնի չէ: Մինչդեռ քննությունը դիտարկում է կատարվածի երկու հիմնական վարկած՝ օդաչուների սխալն ու տեխնիկական անսարքությունը:

FlyDubai ավիաընկերության «Բոյինգ 737-800» օդանավը, որը Դուբայից Դոնի Ռոստով էր թռչում, ընկել էր Դոնի Ռոստովի օդանավակայանում մարտի 19-ի գիշերը, երբ երկրորդ փորձից ուզում էր վայրէջք կատարել բարդ եղանակային պայմաններում: Օդանավում 62 մարդ կար, բոլորը զոհվել են: