Կուբայում Բարաք Օբամայի եւ Ռաուլ Կաստրոյի հանդիպումից հետո կողմերը նշել են, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցում լուրջ տարաձայնություններ կան։ Կուբայի ղեկավարը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ միայն առեւտրային էմբարգոյի չեղարկման դեպքում։
ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ խորը տարաձայնություններ են մնում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցում։ Մարտի 21-ին նման դիրքորոշում են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Կուբայի պետական խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն։ Վերջինիս խոսքով՝ երկրների միջեւ տարաձայնությունները չեն անհետանա, քանի դեռ ԱՄՆ-ը երկակի չափանիշներ է կիրառում, գրում է DW-ն։
Կաստրոն հերքել է Կուբայում քաղբանտարկյալների առկայության մասին Օբամայի դիտարկումը՝ ասելով, որ իր երկրում նման անձինք չկան։ «Տվե՛ք ինձ հենց հիմա այդ քաղաքական բանտարկյալների ցուցակը, եթե այն գոյություն ունի, եւ բոլոր այդ անձինք մինչեւ գիշեր ազատության մեջ կհայտնվեն»,- ասել է Կաստրոն։
Կաստրոն նշել է, որ ամերիկյան կողմի հետ հետագա համագործակցությունը հնարավոր է միայն առեւտրային էմբարգոյի չեղարկման դեպքում, որը գործում է արդեն 54 տարի։
Օբաման իր հերթին Կաստրոյի հետ զրույցը հաճելի եւ ազնիվ է որակել։





























