ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը Բրյուսելում շարունակում է իր աշխատանքները Եվրանեստ ԽՎ 5-րդ լիագումար նիստի շրջանակներում։ Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ  Արտակ Զաքարյանը, որը նույնպես գտնվում է Բրյուսելում:

«ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը Բրյուսելում շարունակում է իր աշխատանքները Եվրանեստ ԽՎ 5-րդ լիագումար նիստի շրջանակներում։ Առավոտյան բյուրոյի նիստում մեր վրդովմունքը հայտնեցի կատարվածի մասին, զորակցություն հայտնելով Բրյուսելի օդակայնում եւ մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին»,- նշել է Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ հայկական պատվիրակության հետ ամեն ինչ նորմալ է:

Նշենք, որ Արեւելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսել էին մեկնել «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը եւ Վահե Էնֆիաջյանը: Ինչպես նաեւ Բրյուսելում է ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ այսօր՝ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից նախնական տեղեկություններով 13 մարդ է զոհվել, ավելի քան 35-ը վիրավոր են։ Պայթյունները հնչել են թռիչքի սրահում՝ American Airlines ավիաընկերության սպասասեղանի մոտ։ Բոլոր չվերթները չեղարկվել են, օդանավակայանը փակ է։

Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է մոտ 15, վիրավորվել 55 մարդ: Կայարանը գտնվում է Եվրամիության շենքերից 500 մետր հեռավորության վրա: