Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը դատապարտում է Բրյուսելում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Այսօր մենք ականատես եղանք մեկ այլ բարբարոսական ահաբեկչական հարձակման: Բրյուսելը եվրոպական հաստատությունների նստավայրն է, Բրյուսելը Եվրոպայի սիրտն է: Մենք դատապարտում ենք այս հարձակումները, մեր ցավակցություն ենք հայտնում զոհերին, եւ մեր համերաշխությունը՝ բելգիացիներին եւ բոլոր եվրոպացիներին, որոնք տուժել են այս ահաբեկչություններից», - «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Եվրամիության դեսպանը շնորհակալություն է հայտնել հայերին եւ պատրաստակամություն հայտնել համագործակցել Հայաստանի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում։ «Մենք շնորհակալ ենք հայերին, որոնք այս դժվարին պահին համերաշխ են մեզ հետ՝ եվրոպացիների եւ բելգիացիների հետ: Մենք գիտենք, որ կարող ենք հույս դնել հայերի վրա, եւ, որպես Եվրամիություն, պատրաստ ենք շատ սերտ համագործակցել Հայաստանի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում: Եկեք վերջ տանք դրան միասին», - ասել է Եվրամիության դեսպանը:





























