Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան: Այս մասին հաղորդում է Բրյուսելում Հայաստանի դեսպանատան Twitter-ի էջը:

Ավելի վաղ նշվել էր, որ Բրյուսելում Հայաստանի դիվանագետները, ինչպես նաեւ քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետեւանքով։

NEWS.am-ի հետ զրույցում Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի» լրատվության եւ PR պատասխանատու Պետո Դեմիրճյանը նշել էր, որ խոսակցություններ կան, որ Բրյուսելում ահաբեկչական հարձակումների ընթացքում մեկ հայ երիտասարդ է կորել, որի ինքնությունը դեռ պարզ չէ, սակայն այդ տեղեկատվությունը դեռ չի հաստատվել:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ օդանավակայանում պայթյունը մահապարտն է կազմակերպել։ Պայթյուններ է որոտացել նաեւ մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Ընդհանուր առմամբ կա 34 զոհ եւ 200-ից ավելի վիրավոր: