Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին մասնակցող հայկական պատգամավորական պատվիրակությունը մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո Հայաստան վերադառնալու տարբերակներ է փնտրում: «Քննարկում ենք վերադառնալու տարբերակները, երբ վերջնական տարբերակներ կունենանք, որոշում կկայացնենք»,- NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մարտի 23-ին, ասաց ԽՎ հայկական պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով, Եվրանեսթ ԽՎ նիստը արագացված կարգով է տեղի ունեցել, ընդունվել են քաղաքական, տնտեսական սոցիալական ոլորտներին վերաբերող չորս հանձնաժողովներում շրջանառվող զեկույցները եւ արդեն ավարտել է հիմնական աշխատանքը:
«Արագացված տեմպով ավարտվել է նիստը, բուն զեկույցների ընդունումը կատարվել է, որոշվել է հաջորդ տարվա եւ այս տարվա երկրորդ կեսի որոշ աշխատանքային գրաֆիկը: Ուղղակի շատ ելույթներ, որոնք պետք է լինեին, դրանք հանվել են, մի քանի թեմաներ կային, որոնք պետք է կողքից քննարկվեին, դրանք նույնպես տեղի չունեցան»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բրյուսելում Հայաստանի դիվանագետները, ինչպես նաեւ քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետեւանքով:
Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիների չկան:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ օդանավակայանում պայթյունը մահապարտն է կազմակերպել։ Պայթյուններ է որոտացել նաեւ մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Ընդհանուր առմամբ կա 34 զոհ եւ 200-ից ավելի վիրավոր:





























