Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին մասնակցող հայկական պատգամավորական պատվիրակությունը մարտի 25-ի երեկոյան վերադարձել է Հայաստան: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եվրանեսթ ԽՎ հայկական պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը:

 «Մեքենայով գնացել ենք Ֆրանկֆուրտ, որտեղից Մոսկվա ենք թռել եւ եկել Երեւան»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո Բրյուսելում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովին մասնակցող հայկական պատգամավորական պատվիրակությունը Բրյուսելի օդանավակայանի փակ լինելու պատճառով Հայաստան վերադառնալու տարբերակներ էր փնտրում: 

Հիշեցնենք, որ մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել։ Բելգիայի դատախազությունը հաստատել է, որ օդանավակայանում պայթյունը մահապարտն է կազմակերպել։ Պայթյուններ է որոտացել նաեւ մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Ընդհանուր առմամբ կա 34 զոհ եւ 200-ից ավելի վիրավոր: