ՆԱՏՕ-ն մտադիր չէ Ռուսաստանի հետ սպառազինությունների նոր մրցավազք սկսել եւ չի ցանկանում նոր սառը պատերազմի մասնակցել։ Die Welt-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

«Մենք Ռուսաստանի հետ առճակատում չենք փնտրում։ Մենք սառը պատերազմ չենք ուզում եւ չենք ցանկանում սպառազինությունների նոր մրցավազք սկսել»,- ասել է նա։

Սթոլթենբերգի խոսքով՝ Արեւելյան Եվրոպայում դաշինքի դիրքերի ուժեղացումը կապ չունի Ռուսաստանի հետ առճակատման գնալու ցանկության հետ, այլ ընդամենը Ղրիմի անեքսիայի եւ Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման արձագանքն է։

Ընդ որում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս դժվար թե հարձակվի դաշինքի անդամ որեւէ պետության  վրա։

Սթոլթենբերգը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվի միջուկային զենքից։