Վանաձորի Բազումի բաժնի տարածքում հունիսի 8-ին  տեղի  ունեցած վիճաբանության հետեւանքով դանակահարված 25-ամյա Վահագն Թորոսյանը Վանաձորի ԲԿ-ից տեղափոխվել է Երեւան: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին,  NEWS.am-ին տեղեկացրեց Վանաձորի հիվանդանոցի տնօրեն  Վարդան Աբովյանը: Նա նշեց, որ 25-ամյա երիտասարդին տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

«Երիտասարդի վիճակը կայուն ծանր էր, ունի ստոծանիի, ստամոքսի վնասվածքներ, հարազատները ցանկացան, որ տեղափոխվի հոպիտալ՝ ապահովության համար»,-ասաց նա:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությւոնը հայտնել էր, որ  Վահագն Թորոսյանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է  Վանաձորի 28-ամյա բնակիչ։ Հունիսի 10-ին՝ ժամը 00.40-ի մոտակայքում  28-ամյա երիտասարդը կամավոր ներկայացել է ոստիկանություն, նա հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի Բազումի բաժնի տարածքում հունիսի 8-ին  տեղի է ունեցել վիճաբանություն, որի հետեւանքով  դանակահարվել է Վանաձորի 25-ամյա բնակիչ Վահագն Թորոսյանը: Պարզվել է, որ տուժածը դանակահարվել է Վանաձորի Երեւանյան 90 շենքի հարեւանությամբ գտնվող խանութի մոտակայքում՝ վիճաբանության ընթացքում: Թե ինչ հանգամանքներում ու ովքեր են դանակահարել երիտասարդին, դեռեւս պարզ չէ: