ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Ամերիկայի մուսուլմանական համայնքից պահանջել է արմատական հայացքներով անդամներին հանձնել ԱՄՆ իշխանություններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Նրանք պետք է հանձնեն նրանց»,– ասել է Թրամփը Fox News–ի եթերում։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ–ում հազարավոր մարդիկ «հիվանդ են ատելությամբ» եւ Օռլանդոյի հրաձգության նման ահաբեկչություններ են դավում։ «Կան մարդիկ, որոնց մտադրություններն ավելի վատ են, քան Օռլանդոյում սպանված ահաբեկիչ Օմար Մաթինինը»,– ասել է Թրամփը։
Նա նաեւ նշել է, որ պատրաստվում է ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ելույթ ունենալ։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ի գիշերը Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային հրաձգության հետեւանքով զոհվել է 50 մարդ, 53-ն էլ վիրավորվել են։ Կասկածյալ Օմար Մաթինը, ՀԴԲ տեղեկություններով, զանգահարել էր շտապ օգնության հեռախոսահամարով ու հայտնել, որ ինքը ԻՊ գաղափարակիր է: Երեք ժամ տեւած դիմադրությունից հետո ոստիկանների գրոհի արդյունքում ահաբեկիչը սպանվել էր։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատարվածն ահաբեկչություն է անվանել:





























