ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության՝ նախագահի փաստացի թեկնածու Հիլարի Քլինթոնը հունիսի 13-ին հայտարարել է, որ չի պատրաստվում իր ելույթից բացառել «արմատական իսլամ» արտահայտությունը ահաբեկիչների դրդապատճառների մասին խոսելիս, սակայն զգուշանում է ամբողջ կրոնին պատերազմ հայտարարելուց։

Քլինթոնը հարցազրույց է տվել CNN–ին նախագահ Բարաք Օբամայի հասցեին հանրապետական Դոնալդ Թրամփի սուր քննադատությունների ֆոնին։ Թրամփն ասել էր, որ Օբաման գիտակցաբար խուսափում է ահաբեկիչներին  մուսուլմաններ անվանելուց եւ այդ պատճառով չի կարող լուծել ահաբեկչության խնդիրը։

«Ես պարզ ասել եմ, որ կան թշնամի ահաբեկիչներ, որոնք իսլամ են դավանում, որպեսզի արդարացնեն անմեղ մարդկանց ջարդը։ Ինչպես էլ որ դուք դա անվանեք՝ արմատական ջիհադականություն, արմատական իսլամիզմ, ես կարծում եմ, որ դա միեւնույն բանն է նշանակում, ես կարող եմ հաճույքով ասել ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը»,– ասել է Քլինթոնը։

«Ես չեմ պատրաստվում դիվայնացնել դա եւ դեմագոգությամբ զբաղվել կամ ամբողջ կրոնին պատերազմ հայտարարել, քանի որ ես կարծում եմ, որ դա վտանգավոր է այդ սպառնալիքը կանխելու ջանքերի համար, դա ջուր է լցնում ԻՊ ջրաղացին»,– ասել է Քլինթոնը։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ի գիշերը Օռլանդո քաղաքի գեյ-ակումբում ԱՄՆ պատմության մեջ ամենազանգվածային հրաձգության հետեւանքով զոհվել է 49 մարդ, 53-ն էլ վիրավորվել են։ Կասկածյալ Օմար Մաթինը, ՀԴԲ տեղեկություններով, զանգահարել էր շտապ օգնության հեռախոսահամարով ու հայտնել, որ ինքը ԻՊ գաղափարակիր է: Երեք ժամ տեւած դիմադրությունից հետո ոստիկանների գրոհի արդյունքում ահաբեկիչը սպանվել էր։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատարվածն ահաբեկչություն է անվանել: