«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Փարիզի մոտ ոստիկանի ընտանիքի վրա հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով գրոհայինների նկատմամբ լոյալ Amaq գործակալությունը։

«ԻՊ մարտիկը սպանել է Լե Մյուրո քաղաքի ոստիկանական տեղամասի պետի տեղակալին եւ նրա կնոջը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Իրավապահ մարմիններում Le Figaro–ի աղբյուրները հայտնել են, որ հանցագործը ԻՊ գաղափարախոսությանը հարելու փաստը խոստովանել է  ոստիկանների հետ բանակցությունների ժամանակ։

Նշենք, որ հունիսի 13-ի երեկոյան Մանիանվիլում  (Իլ դե Ֆրանսի շրջան) հանցագործը հարձակվել էր ոստիկանի վրա եւ դանակի 9 հարված հասցրել նրան, որից հետո թաքնվել էր ոստիկանի տանը, որտեղ գտնվում էին նրա կինն ու որդին։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը զոհվածի հարեւանն էր, բայց այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

Չարագործին սպանել են ազգային գվարդիայի մարտիկները գրոհի ժամանակ։ Դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել է զոհվածի կնոջ դին։ Երեք տարեկան տղայի կյանքին վտանգ չի սպառնում։ Զոհված ամուսինների անունները չեն հաղորդվում։