Գերմանական մամուլը միանշանակ քննադատությամբ է ընդունել Թուրքիայի նախագահ Էրդողանի ելույթները Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւից հետո: Այդ մասին գրում է ֆրանսիական դիվանագիտական Courrier International պարբերականը` գերմանական մամուլից թեմատիկ ընտրանի ներկայացնելով:
«Երբեք չէի հավատա, որ XXI դարում ժողովրդավարորեն ընտրված նախագահը Բունդեսթագի ժողովրդավարորեն ընտրված պատգամավորների հասցեին արտահայտություններ թույլ կտա նրանց թուրքական ծագման պարտավորությունների եւ արյան մաքրության վերաբերյալ»: Թուրքիայի նախագահ Էրդողանի հասցեին այս խոսքերն է հնչեցրել Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտը: Լամմերտի պատասխանը ծափահարություններով է ընդունվել դահլիճում ներկա բոլոր պատգամավորների, ինչպես նաեւ կանցլեր Անգելա Մերկելի կողմից, հայտնում է die Süddeutsche Zeitung-ը:
Էրդողանը, մասնավորապես, իր սպառնալիքների թիրախ է դարձրել «Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրին: Էրդողանը նրան մեղադրել է այն բանի համար, որ այս որոշման ընդունման գործում առանցքային դեր է խաղացել: Նա Օզդեմիրին kani bozuk է կոչել, ինչը նշանակում է «անմաքուր արյունով բնավորություն չունեցող մարդ»: Նման մարդկանց արյունը պետք է լաբորատոր անալիզի ենթարկել, հավելել է նա:
«Վաղուց ժամանակն է, որ այդ հարձակումներին ավելի մեծ վճռականությամբ հակադարձեն, ինչը կանցլերը չի արել», - մեկնաբանում է Frankfurter Allgemeine-ն: «Էրդողանը գնալով իրեն ավելի է պահում որպես ավտոկրատ, որը բոլոր միջոցներով ցանկանում է ուզածին հասնել», - հավելում է թերթը:
Hannoversche Allgemeine պարբերականը գրում է. «Էրդողանի հայտարարությունները չափն անցել են: Բայց նա չի խզել ԵՄ-ի եւ Գերմանիայի հետ փախստականների մասին համաձայնագիրը եւ իր հարձակումներում չի անդրադառնում Գերմանիայի կառավարությանը: Այդ պատճառով պետք չէ գերմանա-թուրքական հարաբերությունները խզված համարել: Այդ թվում` Անգելա Մերկելի շնորհիվ: Նրա լռությունը կարելի է դատապարտել, բայց եթե նա սկսեր պատասխանել Էրդողանին, դա ոչ մեկին օգուտ չէր բերի»:





























