Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի մամուլի ծառայությունը հաստատել է այն տեղեկությունը, որ Թուրքիայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հանս Յորգ Հաբերը հրաժարական է տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նա կհեռանա իր պաշտոնից օգոստոսի 1-ից»,- լրագրողներին ասել է Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը: Նա հրաժարվել է նշել Հաբերի հրաժարականի պատճառները, հայտնելով, որ Թուրքիայում ԵՄ նոր դեսպանը շուտով կնշանակվի: Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ ԵՄ դեսպանը մինչ այդ քննադատական դիտողություններ էր արել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի նպատակով Եվրամիության ու Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրի կատարման վերաբերյալ:
Մայիսին Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր Հաբերին՝ մամուլի ասուլիսին նրա ելույթի կապակցությամբ վրդովմունք հայտնելու համար: Այն ժամանակ դեսպանը հայտնել էր, որ Թուրքիային ներկայացված 72 պայմանները, որոնք պետք է կատարվեն՝ ԵՄ-ի ու Թուրքիայի միջեւ անվիզա ռեժիմ սահմանելու համար, դեռ 2013-ին էին որոշված: Ընդ որում Հաբերը հավելել էր. «Մենք մի ասացվածք ունենք՝ «սկսել թուրքի նման, ավարտել գերմանացու» : Սակայն այստեղ ամեն ինչ հակառակն է»: Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը նշել էր, որ այդ բառերը «վայել չեն դեսպանին»:
ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները մարտի 18-ին Թուրքիայի հետ համաձայնեցրել էին միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագիր, պայմանավորվածությունները սկսել են կատարվել մարտի 20-ից: Դրանք ենթադրում են մասնավորապես Թուրքիա վերադարձնել բոլոր այն անլեգալներին, որոնք Թուրքիայի տարածքով Հունաստան են ժամանում,իսկ Եվրամիությունն էլ իր հերթին դրա դիմաց պետք է Թուրքիայից ընդունի բոլոր օրինական միգրանտ սիրիացիներին՝ «մեկը մեկի դիմաց» սկզբունքով: Ինչպես մայիսին հատնել է եվրոպական Frontex գործակալությունը, ապրիլին հունական կղզիներ ժամանող միգրանտների թիվը նախորդ ամսվա համեմատ 90 տոկոսով կրճատվել է:
Այդ պայմանավորվածությունների շրջանակում մայիսին Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանին ու ԵՄ խորհրդին առաջարկել է վերացնել վիզային սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչեւ հունիսի վերջ կատարի դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները : Դրանցից են կոռուպցիայի կանխարգելման միջոցառումները, «Եվրոպոլի» հետ օպերաատիվ համաձայնագրի մասին բանակցությունների անցկացումը, բոլոր անդամ երկրների հետ դատական համագործակցությունը, հակաահաբեկչական օրենսդրության վերանայումը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն էլ իր հերթին ԵՄ-ին սպառնացել է, որ կդադարեցնի միգրացիոն համաձայնագիրը, եթե Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիներին անվիզա ռեժիմ չտրամադրի: Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան չի վերանայելու իր հակաահաբեկչական օրենսդրությունը ու ԵՄ-ին մեղադրել է երկերեսանիության մեջ: Դրան ի պատասխան Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հրաժարվել Եվրամիությանը բարձրագոչ հայտարարություններով վախեցնելուց՝ վիզային ռեժիմի ազատականացման բանակցություններում ցանկալի արդյունքի հասնելու նպատակով:





























