ՆԱՏՕ–ն Վարշավայի գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանին կհիշեցնի դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից պաշտպանելու պատրաստակամության, ինչպես նաեւ ՌԴ–ի հետ ավելի կառուցողական հարաբերություններին պատրաստ լինելու մասին։ Այս մասին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մեր ուղերձն այն է, որ ՆԱՏՕ–ն շարունակելու է պաշտպանել իր բոլոր դաշնակիցներին ցանկացած ուղղությունից եկող տարատեսակ սպառնալիքներից։ Այդ պատճառով մենք սառը պատերազմից հետո հավաքական պաշտպանության ուժերի խոշորագույն ամրապնդումն ենք իրականացնում։ Այդ հանդիպմանը եւ գագաթնաժողովում մենք նոր որոշումներ կընդունենք, հատկապես դաշինքի արեւելյան մասում մեր ուժերի առաջնագծային ներկայության, Բալթյան երկրներում եւ Լեհաստանում գումարտակներ տեղակայելու եւ Եվրոպայի հարավ–արեւելքում ադապտացված ներկայության մասին»,– ասել է Ստոլտենբերգը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ–ն միաժամանակ հայտարարում է, որ չի ձգտում Ռուսաստանի հետ առճակատման գնալ եւ չի ուզում նոր սառը պատերազմ։ «Մենք շարունակելու ենք ձգտել ավելի կառուցողական հարաբերությունների եւ Ռուսաստանի հետ համագործակցության»,– ասել է նա։





























