Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը մտահոգված է, որ ԵՄ–ից դուրս գալը միայն 4 տարում 30 մլրդ ֆունտ (42.2 մլրդ դոլար) լրացուցիչ բյուջետային ծախսերի կհանգեցնի, գրում է Guardian–ը։
Brexit–ի արդյունքում կառավարությունը ստիպված է լինելու բարձրացնել եկամտահարկը, բենզինի եւ ալկոհոլի ակցիզները։ Պաշտոնյաները ստիպված են լինելու կրճատել սոցիալական, կրթական եւ առողջապահական ծրագրերի ֆինանսավորումը, ինչպես նաեւ՝ պաշտպանական ծախսերը, ասված է հոդվածում։
Guardian–ը մեջբերում է Օսբորնի պաշտոնական ելույթի հատվածները, որը նա պետք է կարդա հունիսի 15-ին։ Նախարարն ուզում է հասարակությանը հասկացնել, որ ԵՄ կազմից դուրս գալը ավելի ցավոտ է լինելու, քան թվում է։
«Այն, որ մեզ կհաջողվի գումար ազատել հանրային ծախսերի համար, ինչին հավատում են Brexit–ի կողմնակիցները, պատրանք է։ Դուրս գալը նշանակում է ավելի քիչ գումար։ Ընդ որում, խոսքը միլիարդավոր ֆունտերի մասին է»,– ասված է նախարարի ելույթում։
Նշենք, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին։





























