Ժնեւում՝ «պանամական փաստաթղթերի» հրապարակման շնորհիվ հայտնի դարձած օֆշորնային օպերատոր Mossack Fonseca–ի գրասենյակում, խուզարկություն է ընթանում, հայտնում է Le Temps–ը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ մի քանի օր առաջ դատախազի որոշմամբ ձերբակալվել էր ընկերության ՏՏ ծառայության աշխատակիցներից մեկը։

Դատախազությունից հայտնել են, որ ընթանում է հետաքննություն, բայց հրաժարվել են այլ մեկնաբանություններ տալ՝ հաստատելով, սակայն, որ գործընթացը նախաձեռնվել է Mossack Fonseca–ի ներկայացրած բողոքից հետո։

Սակայն, պարբերականի տեղեկություններով, կասկածյալին մեղադրում են գաղտնի տվյալների հոծ զանգված դուրս հանելու, գաղտնի տեղեկությունների չարտոնագրված տնօրինման եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։

Խուզարկության ընթացքում Mossack Fonseca–ի գրասենյակից առգրավվել է համակարգչային տեխնիկա։

Հիշեցնենք, որ պանամական իրավաբանական ընկերությունը սկանդալի մեջ էր հայտնվել օֆշորների մասին տեղեկության զանգվածային արտահոսքից հետո։

Ապրիլի 13-ին խուզարկություններ էին ընթացել նաեւ Պանամայում Mossack Fonseca–ի գրասենյակում։